Լճակի թեման ռոմանտիզմի հայտնագործությունների և նախասիրությունների թվում է: Լճակը կարող է խորհրդանշել այնկողմնայինը, իդեալականը, հարատևողը, անվերջը, հայելայինը, անմահը, կատարյալը: Լճակի հայեցողությունը կենտրոնամետ է, քնարական Ես-ի առանձին աշխարհի օրենքների հետ որոշակիորեն կապված: Լճակի մեջ Դուրյանի քնարական հերոսը տեսնում է զրուցակցի հենց այն պատճառով, որ նմանը այստեղ գտնում է նմանին: Լճակը բաղկացած է 11 տներից:
Առաջին տներում բանաստեղծը կամ քնարական Ես-ը հարցնում է Լճակին, թե ինչու է այն ապշած: Բանաստեղծը կասկած է հայտնում. իսկ չի՞ նայել արդյոք լճակի մեջ Գեղուհին: Նրա և լճակի միջև խորհրդավոր մտերմություն է հաստատվում, որի հիմքը մելամաղձն է՝ մելանխոլիան: Լճակը ծածկված է ալիքներով, իսկ բանաստեղծի ճակատը՝ կնճիռներով: Միաժամանակ այս մտերմությանը զուգահեռ ավելի ու ավելի նկատելիորեն սրվում է բանաստեղծի ոչ մտերիմ, այլ մինչև իսկ օտար հակադրությունը իրականության աշխարհի հետ: Ելնելով բանաստեղծության ընդհանուր տրամաբանությունից՝ կարելի է բնորոշել այս հակադրությունը որպես կյանքի և մահվան բախում: «Շատերը զիս մերժեցին, /«Քնար մ’ ունի սոսկ» – ըսին / Մին՝ «դողդոջ է, գույն չ’ունի – / Մյուսն ալ ըսավ – «կը մեռնի՜»: Շատերը խորհրդանշում են իրականությունը, այն զանգվածայինը, որ հակադրվում է քնարական սուբյեկտի Ես-ին: Քնարական Ես-ը ունի սոսկ քնար, հենց այդ քնարն է: Բոլորի մեջ պակասողը քնարականությունն է, քնարական Ես-ին պակասողը սերն է: Սերը շատերի և բոլորի անդեմ աշխարհում չկա: Բանաստեղծի հոգում կա հրդեհ, բայց չկա մատյան: Հուրը, որով խոսում է բանաստեղծի հոգին և նրա քնարականությունը, ընթեռնելի չեն «Շատերի» համար: