Որպես նոր ուսումնական տարվա մեկնարկ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն ավանդույթ է դարձել գիտելիքի օրը դիմավորել Արագածի գագաթին․․․ամեն տարի Ավագ դպրոցի սովորողները դասավանդողների հետ մեծ խումբ կազմած բարձրանում են Արագածի գագաթ, դիմավորում սեպտեմբերի մեկը, ազդարարում ուսումնական տարվա սկիզբը, «մկրտում» նորեկ սեբաստացիներին և, ինչու չէ, նաև մեկ օրով կտրվում մայրաքաղաքի խառնաշփոթից։Այս տարի ես նույնպես հնարավորություն ունեցա մասնակցել այդ հետաքրքիր արշավին։ Եվ այսպես՝ սեպտեմբերի մեկին, ժամը 9-ն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում հավաքվել էին 100-ից ավել սեբաստացիներ, որտեղից էլ տարբեր նախագծային խմբերով շարժվեցինք տարբեր ուղղություններով․ մեր 38 հոգանոց խումբը, ընկեր Վարդանի գլխավորությամբ, շարժվեց դեպի Արագած՝ Երևան-Աշտարակ-Բյուրական-Անտառուտ-Քարի լիճ երթուղով։Քարի լճի մոտ նախ մարզիչ ընկեր Միքայելը մեզ կարևոր հրահանգներ և ցուցումներ տվեց, որի հետո ընկեր Աննան կազմակերպեց միասնական շուրջպար, որից հետո բռնեցինք Արագածի հարավային գագաթի վերելքի ուղին։ Իհարկե, ինչ խոսք, վերելքի ուղին այնքան էլ հեշտ չէր, քանի որ ավազը և փոքր քարերը խանգարում էին հեշտությամբ առաջ շարժվել, նաև տեղ-տեղ կային հրաբխային քարերով լցված հատվածներ, իսկ այդ հատվածներն անցնելը նույնպես բարդ էր։
Բարձրանալիս ունեցանք կանգառներ, շունչ էինք առնում, ջուր խմում, զրուցում-շփվում միմյանց հետ, ծանոթանում, չէ՞ որ խմբում կային նորեկ սեբաստացիներ․․․ահա այսպիսի հետաքրքիր կանգառներով, դժվարություններ հաղթահարելով էլ հասանք գագաթ՝ հաղթահարելով բարձունքը։
Տեսարանը՝ չորս գագաթների խառնարանը, հարավային գագաթից ուղղակի աննկարագրելի էր։ Հարավային գագաթից բացվում էր տեսարան դեպի մյուս երեք գագաթները և Արագածի խառնարանը։ Մոտ 40-50 րոպե հանգստացանք այնտեղ, վայելեցինք բնության հրաշքը, ապա բռնեցինք վայրէջքի ուղին։
Գագաթից իջնելիս ես և մի քանի սովորողներ մի փոքր շեղվեցինք ճանապարհից, որտեղից տեսարանը գեղեցիկ էր, բայց ճանապարհն ավելի բարդ էր, սակայն մենք հաղթահարեցինք այն և գտանք մեր ընկերներին․․․սա ևս կարևոր փորձություն էր ինձ համար․․․
Այսպիսով, երբ մեր մյուս ընկերները նույնպես հասան խմբին, հավաքվեցինք, պատրաստվեցինք և ճանապարհ ընկանք։ Մեր արկածային , հետաքրքիր և ստացված օրվա ավարտը եղավ այնտեղ, որտեղից առավոտյան ճանապարհվել էինք՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի․․․
Այս ճամփորդության ընթացքում ես նախ ձեռք բերեցի նոր ընկերներ, գեղեցիկ և անմոռանալի հիշողություններ և դժվարություններ հաղթահարելու կամք։ Հայաստանն իրոք քարերի երկիր է, բայց այն միաժամանակ հիասքանչ է։ Արագածի մաքուր օդը և լռությունը օգնեցին ինձ մոռանալ քաղաքի խառնաշփոթը և աղմկոտ փողոցները։
Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ 2021-2022 ուսումնական տարվա հրաշալի մեկնարկ էր։
Եվ վերջում շնորհակալություն բոլորին, մասնավորապես մեր հինգ դասավանդողներին ՝ ընկեր Վարդանին, ընկեր Հասմիկին, ընկեր Միքայելին, ընկեր Հրայրին և ընկեր Աննային՝ հրաշալի օրվա համար․․․